Ցանկապատեր

Ցանկապատերը ստեղծվել են տարբեր նպատակներով։ Հիմնական նպատակներից մեկն է անվտանգությունը։ Բայց ցանկապատում են ոչ միայն տարածքը, այլ նաև մարդու հոգին։ Ցանկապատելով տարածքը՝ մարդիկ կտրվում են աշխարհից, փոխում իրենց մտածելակերպը։ Օրինակ` կենդանաբանական այգում, ցանկապատելով կենդանիների տարածքը, զրկում են նրանց զգալուց, հասկանալուց, թե ինչ է կյանքը։ Շատ կարևոր է ցանկապատերից արագ ազատվել և փորձել ապրել առանց սահմանների։ Սահմանները մարդու կյանքի սահմանափակումներն են, որոնցից ձերբազատվելը առաջին հերթին հենց տվյալ մարդուն է անհրաժեշտ, որովհետև մարդը պետք է զգա, թե ինչ է և՛ ներքին, և՛ ֆիզիկական ազատությունը։

Հեղինակ՝ Նունե Հովհաննիսյան

Ինչու պետք է չլինի ցանկապատ

Մարդիկ հավանաբար  ցանկապատը հորինել են և օգտագործում են անվտագության կանոններից ելնելով կամ էլ իրենց տարածքներն առանձնացնելու ու սահմաններն  ընդգծելու համար, բայց ես դրանք չեմ համարում հիմնավոր միջոց, քանի որ, եթե անվտանգությունը և օրենքը խախտողներն  ուզեն մտնել  ինչ-որ մի տարածք, չեն նայի ցանկապատին, եթե իհարկ  ցանկապատը չափից ավելի բարձր չլինի կամ փշալարերով մեկուսացված չլինի: Ցանկապատ կառուցում են նաև տների շուրջ՝ կողմնակի աչքերից հեռու իրենց առօրյան պահելու համար: Իսկ ինչը վերաբերում է ուսումնական հաստատությունների շուրջ դրվող ժանգոտ, մեծ անցքերով ցանկապատերին, դա ուղղակի հիմարություն է: Մարդիկ կան, ասում են՝ շներ, կատուներ կամ կողմնակի մարդիկ են մտնում կամ ուսումնական կենտրոնում անվտանգ չի լինի: Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ այդ ցանկապատերը շներն էլ, կատուներն էլ, նույնիսկ 5-6  տարեկան երեխաներն էլ կարող են հաղթահարել: Ես շատ կուզենայի մեր երկրում ունենալ այնպիսի անվտանգ միջավայր, որ ցանկապատերը մի կողմ դնեինք:

Հեղինակ՝ Արմեն Աղաջանյան

Ցանկապատը

Ցանկապատը մեծ <<դեր>> է խաղում մեր կյանքում։ Ցանկապատը սահմանն է․ սահմանը սեփականության, սահմանը անձի ազատության, սահմանը նաև մտքի։ Հաճախ, ցանկապատ սահմանը, որն ի սկզբանե նախատեսվում է անվտանգության, ապահովության, հանգստության համար, դառնում է բանտ մեր ազատության, բանտ մեր մտքերի և մեր անձի համար։ Ու մեծանալով արդեն չպետք է զարմանանք, երբ մեր բանտի սովոր անձը և միտքը չի կարողանում մեծ ու վեհը, մաքուրն ու գեղեցիկը, ինչու չէ՝ նաև կարևորն ու անկարևորը տարբերել, հասկանալ, գնահատել։ Նորմալ է, երբ ցանկապատը մեզ օգնում է ձորը չընկնել, մեքենաներից հեռու լինել, վայրի գազաններից առանձնանալ։ Եվ նորմալ չէ ու շատ վատ է, որ <<Եսասեր հսկա>>-ի նման մեծ պարիսպներ ենք կառուցում միայն նրա համար, որ հարևանի երեսը չտեսնենք, և դեռ այդքան հող էլ, որ կարող էր կանաչել ու ծաղկել, մնում է պարիսպի բետոնի տակ։ Ողջ աշխարհն արդեն վաղուց  գնում է ցանկապատերը վերացնելու, բաց ու ազատ հասարակություն ձևավորելու ուղղությամբ։ Աշխարհում միլիոնավոր պատեր դարձել են պատուհաս։ Նույնիսկ Բեռլինի պատը հնարավոր եղավ քանդել, բայց նեղմիտ սեփականատերերի մտքի պատերը դեռ շատ սերունդներ չեն կարողանա բացել։ Դրանք շատ ամուր են փակված։

Հեղինակ՝ Նազենի Սանոյան

Ցանկապատեր

Ցանկապատեր տեղադրելը կարող է ունենալ երկու պատճառ՝ առաջին, որ մարդ ցանկանում է փոքրիկ ցանկապատեր դնել, որպեսզի մարդիկ չաղտոտեն իր մշակած և աճեցրած հողամասը, երկրորդ պատճառը կարող է հանդիսանալ նախանձը հարևանի հանդեպ, բայց այդ դեպքում ցանկապատերը չեն լինի փոքրիկ, այլ շատ երկար ցանկապատեր։ Այս պահին թիվ 93.հ մանկապարտեզի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեջ դրվող երազանքների ցանկապատը համապատասխանում է երկրորդ տարբերակին, և նախանձը այստեղ ամենամեծ դերն ունի։ Իրենց մոտ ցանկապատեր դնելու ցանկությունը գալիս է նրանից, որ նրանք ցանկանում են վատ առումով տարբերվել ավելի լավից։ N.93 մանկապարտեզի ներկայացուցիչները փորձում են խոչընդոտել այն մարդկանց աշխատանքը, ովքեր ձգտում են ավելիին և ոչ թե նույն տեղում դոփում։ Մանկապարտեզը փորձում է մեկուսանալ աշխարհից՝ ցույց տալով իր ուրույն տեղը հասարակության մեջ։ Իմ կարծիքով, տարածքը ցանկապատելը մարդկանց վրա վատ է անդրադառնում, որովհետև մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է իսկական կյանքը՝ առանց որևէ պատնեշի։ Եթե մարդ տեղադրում է ցանկապատեր, ուրեմն ցանկանում է լինել հասարակությունից զուրկ, ցանկանում է զուրկ լինել որևէ շփումից։ Այդպիսով վնասելով ինքն իրեն։

Հեղինակ՝ Մարիա Ավետիսյան

Ցանկապատից ներս կամ դուրս…

Կան կարծրատիպեր, ըստ որի ցանկապատը անվտանգության համար է։ Բայց մի՞թե դա է ապահովում մարդկանց անվտանգությունը։ Մարդը պետք է կարողանա ցանկացած դեպքում ապահովել իր անվտանգությունը, ուր էլ որ լինի։ Ցանկապատը, մարդկանց ֆիզիկական և ներքին սահմանափակման համար է, կամ, աշխարհից մեկուսանալու։ Գուցե, հենց ցանկապատը կարող է բնորոշել մարդուն։ Օրինակ, ցանկապատը կարող է հուշել, որ մարդը արտաքին աշխարհից մեկուսացած է, պարփակված մարդ է։ Պետք է ստեղծել նորը, որի հիմքը կարծրատիպերը չեն լինի, կլինի նոր մշակված, կանաչապատ, ազատ տարածք, որտեղ կխաղան երեխաները, իրենց երեխաների հետ զբոսնելու կիջնեն ծնողները, և այգու հեղինակը, իրեն ավելի լիարժեք երջանիկ կզգա, քանի որ այդքան մարդու ժպիտի, երջանկության, անկեղծ, լիաթոք ծիծաղի, ուրախության պատճառ է։

Հեղինակ՝ Լիրա Խաչատրյան