Նայում եմ թափանցիկ հեռուն․․․

Նայում եմ թափանցիկ հեռուն ու հասկանում եմ՝ ինչ լիքը բան չգիտեմ այս կյանքի մասին։ Ասես ես չեմ ճանաչում այս կյանքը, որովհետև այնքան լիքը բան ես դեռ չգիտեմ։ Դժվար է պատկերացնել, որ ես այդ ամբողջը պիտի սովորեմ։ Մենակ հարցը դպրոցական գիտելիքների մասին չէ։ Նայում եմ թափանցիկ հեռուն ու չեմ հասկանում՝ ոնց այսպես կարող էր լինել։ Այդ թափանցիկ հեռվում ես տեսնում եմ և սկսում եմ հասկանալ այս կյանքը։ Զարմանալի և մի քիչ տխուր բան է, բայց ինչպես ասում են՝ չկա բարիք առանց չարիք։Եվ այդ թափանցիկ հեռվում նաև ես տեսնում եմ այն մարդկանց, ովքեր օգնում են ինձ։ Թե կլինեն իմ սիրելի դասատուները, թե ընկերները, թե ընտանիքը, նրանք իմ խավար հեռուն դարձնում են թափանցիկ։

Աղբյուրը՝ Դավիթ Խադիչյանի բլոգ։

Կյանքը՝ որպես ճանապարհ

Մեր կյանքը նման է մի երկար ճանապարհի, որը կառուցում ենք մենք: Այդ ճանապարհը կառավարում ենք մենք: Անհարթ կառուցենք, մեր կյանքը անհարթ կլինի‚ խուճուճ կառուցենք‚ խուճուճ ճանապարհներով կանցնենք կյանքում‚ իսկ եթե կառուցենք ուղիղ եւ հարթ, մեր կյանքը հենց այդպիսին էլ կլինի: Մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքում ամեն ինչ մեզանից է կախված: Եթե ցանկանանք լավ կյանք եւ անենք ամեն ինչ այն ունենալու համար, այլևս ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել:

Աղբյուրը՝ Էլիս Խեչոյանի բլոգ։

Կրակ կա սրտիս մեջ

Շատ է պատահում, երբ մարդու սիրտը վառվում է կամ զայրույթից, կամ ուրախությունից, կամ էլ վրեժ լուծելու մտադրությունից: Քիչ է պատահում, երբ մարդիկ ուրախությունից են վառվում, հիմնականում մենք վառվում ենք զայրույթից: Կա նաև արտահայտություն «կրակի կտոր»: Դա ասում են այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հանգիստ նստել: Ասում են այն մարդկանց, ովքեր կայտառ, ուրախ և աշխույժ են: Իմ կարծիքով, սրտի մեջ կրակ ունենալը լավ է: Եթե քո սիրտը կրակոտ է աշխատանքի նկատմամբ, դու դա հաճույքով ես անում:

Աղբյուրը՝ Սաթե Խեչոյանի բլոգ։

Սովորական բան

Մենք ամեն օր անում ենք սովորական բաներ: Բարևում ենք, ժպտում ենք, խոսում ենք, ուտում ենք, երգում ենք և այլն: Սակայն կան բաներ, որոնք մեր կարծիքով սովորական չեն: Օրինակ, երբ գնում ենք քաղաքից դուրս, մեզ թվում է, որ մենք արել ենք անսովոր բան ու մեզ շատ լավ ենք զգում, որ տարբերվող բան ենք արել: Սակայն, իրականում, իմ կարծիքով, աշխարհում բոլոր արարքներն էլ սովորական են: Անսովոր է միայն մի արարք՝ հասկանալը, որ ամեն ինչ սովորական է:

Աղբյուրը՝ Մուշեղ Պապիկյանի բլոգ։

Առանց դրանց մարդու կյանքը անհնար է

Մենք բոլորս էլ սովորական արարքներ անում ենք ամեն օր։ Դրանք թվում են սովորական, բայց առանց դրանց մարդու կյանքը անհնար է։ Մարդիկ սովորական արարքների կարևորությունը զգում են միայն այն ժամանակ, երբ չեն կարողանում անել դա, և նրանց համար դա անսովոր է դառնում։ Սովորական արարքները ոչ մեկ չի գնահատում, բայց ոչ մեկ չի հասկանում, որ մեր կյանքը դրա վրա է հիմնված։ Եթե չլինեին սովորական արարքներ, ապա չէին լինի նաև անսովոր արարքները։ Իմ կարծիքով, բոլոր արարքներն էլ սովորական են, ուղղակի ամեն մարդ անում է դա իր ձևով։ Մարդիկ սովորական են համարում այն արարքները, որոնք նրանք միշտ տեսնում են։ Այսինքն՝ անսովոր են այն արարքները, որոնք այդ մարդը չի տեսել։ 

Աղբյուրը՝ Վիգեն Հովակիմյանի բլոգ։

Արդեն որերորդ անգամ․․․

Մարդը պետք է կարողանա մի բանը սկսել նորից։ Բոլորի համար էլ դժվար է լինել ամեն ինչի սկիզբը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը եղավ հեղափոխության սկիզբը, և նրա վրա ընկած էր շատ մեծ պատասխանատվություն և եթե նա ձախողվեր, շատ վատ կլիներ։ Եթե բոլորը վախենան ինչ-որ բանի սկիզբը դնել, այդ բանը չի լինի, և լավ չի լինի։ Եթե մարդը նպատակ է դրել և ձախողվում է, պետք է այդ ամենը սկսի նորից։ Դա այնքան պետք է անի, մինչև հասնի իր ուզածին։ 

Աղբյուրը՝ Վիգեն Հովակիմյան բլոգ։

Սովորական արարքներ

Իմ կարծիքով, սովորական արարքը լավ բան է կյանքում, և առանց սովորական արարքների մենք առաջ չենք գնա։ Միշտ սովորական արարքները լինում են վատը կամ լավը։ Օրինակ՝ երբ 12 կամ 13 տարեկան երեխան ունի լավ շրջապատ, անում է սովորական լավ արարքներ և դառնում է լավը, իսկ այն երեխան, որը ունի վատ շրջապատ, ընկնում է շրջապատի ուրիշ երեխաների խելքին և անում սովորական վատ բաներ, իսկ այն մարդը, ով ոչ անում է լավ արարքներ, ոչ էլ վատ արարքներ, նա չի կարող այդպես ապրել։ Դրա համար միշտ մարդու սովորական արարքներից է կախված՝ նա ինչպիսին կլինի ապագայում։

Աղբյուրը՝ Հրաչ Ղալամքարյանի բլոգ։