Որոշ մարդիկ ոչինչ չունեն

Դուք կարող եք երջանիկ դառնալ, երբ պարզապես նայում եք ինչ-որ մեկի աչքերին, և նրանք ուրախություն են արտահայտում:

Իմ կարծիքով երջանկությունն այն է, երբ մարդ ուզում է վեր թռչել և գրկել մեր ամբողջ երկիրը:

Մարդը տարօրինակ էակ է: Նա կարող է երկար հիշել վնասը, բայց կարող է մոռանալ լավը հաջորդ օրը: Մարդիկ իրենք են ստեղծում իրենց կյանքը և «նկարում» իրենց սեփական գույներով:

Որոշ մարդիկ ոչինչ չունեն։ Նրանք հարստություն չունեն, բայց «բաց» են և կարող են կիսվել այլ մարդկանց հետ այն ամենով, ինչ ունեն ։

Մարդիկ կարող են երջանիկ լինել ցանկացած տարիքում, ցանկացած պահի։

Մարդկանց ներաշխարհները տարբեր են, այդ իսկ պատճառով նրանք տարբեր կերպ են զգում երջանկությունը: Օրինակ՝ ինձ համար արևը երջանկություն է։ Այն ջերմացնում է բոլոր մարդկանց, կյանք է տալիս բնությանը։ Այն տարածված է։ Այն մեկն է բոլորի համար: Այսպիսով, որքան շատ մարդիկ ապրեն այս հիանալի զգացողությունը, այնքան ավելի հարուստ կլինեն:

Մտքերը` Հասմիկ Սարգսյանի:

Նա հազվադեպ է գալիս…

Իմ երջանկությունը նման է անձրևին, նա հազվադեպ է գալիս: Կաթիլները իմ երջանկության պատճառներն են: Իմ շրջապատի մարդիկ կարող են անձրևանոցով քայլել, որպեսզի իրենց վրա չտարածվի իմ երջանկությունը կամ դրա հետևանքները: Խորհուրդ եմ տալիս մարդկանց անձրևանոցը միշտ իրենց հետ պահել, ես չեմ սիրում կիսել իմ երջանկությունը, կամ ինչ-որ մեկին պատմել, որովհետև հետո վատ է լինելու: Ես պահում եմ իմ մեջ և շատերին էլ խորհուրդ կտամ` պահեք ձեր մեջ երջանկությունը ու մենակ վայելեք, ինչքան դա հնարավոր է: Այդ մարդուն, ում կաթելները դիպչում են, նա թրջվում է քո հանդեպ, նաև կարող է մրսել կամ հիվանդանալ:

Տարօրինակ աշխարհով ներկայանում է Գրիգոր Պապիկյանը:

Իմ հոգում արթնացնում են հանգստություն

Ես իմ երջանիկ պահերը նմանեցնում եմ անձրևին։ Անձրևը ,երբ իջնում է երկնքից, իմ մեջ ստեղծում է երջանկություն։ Անձրևը իր մեղմ ու նուրբ կաթիլներով ստիպում է ինձ խորանալ երջանկության մեջ։ Հիմա մյուսները կմտածեն, թե այդպես չէ, բայց ինձ համար երջանկությունը հենց անձրևն է, որովհետև ես երջանկության խորհրդանիշեր եմ համարում նրբությունը ու հանգստությունը։ Մյուսների համար արևը ,արևոտ ու տաք եղանակն է ասոցացվում երջանկության հետ, բայց ես համարում եմ ,որ անձրևը ավելի է հանգստացում, որովհետև իր կաթիլների հերթական բախումները հատակին իմ հոգում արթնացնում են հանգստություն, և ես մի պահ ուզում եմ ամեն ինչ թողնել,հոգսերը մոռանալ և սկսել ապրել հանդարտ։ Նրբություն, երջանկություն ու հանգստություն ինձ պարգևում է մեղմ անձրևը, որը երկնքից թափվում է ցած։

Երջանկության մասին մտքերը` Դավիթ Մուրադյանի:

Երբ իմ ընտանիքի անդամները կողքիս են լինում

Հաշվի առնելով իմ բնավորությունը ես` ոչ այդքան հետաքրքրասեր և ոչ այդքան ուրախ մարդ, ինձ նմանեցնում եմ մի ծառի, որը շատ արագ աճում, ծաղկում է, բայց միևնույն ժամանակ թոռոմում և չորանում։ Ես ինձ լիովին երջանիկ եմ զգում ոչ թե այն ժամանակ, երբ ինձ ինչ-որ թանկարժեք նվեր են տալիս, այլ երբ իմ ընտանիքի անդամներն իմ կողքին են լինում և իմ դժվար պահերին աջակցում։ Ես ինձ միայն այդ ժամանակ կարող եմ երջանիկ զգալ։ Դա իմ ծաղկող շրջանն է, իսկ չորացող շրջանը այն ժամանակ է,երբ ես կորցնում եմ իմ ընտանիքի անդամներից մեկի վստահությունը։ Դա ինձ համար շատ մեծ ցավ է, բայց ես ինձ այնպես եմ պահում, որ իմ միջի ծառը միշտ ծլի և ծաղկի։ Ահա թե ես ինչպես եմ ինձ պատկերացնում երջանիկ ժամանակ և վստահ եմ, որ իմ միջի ծառը երբեք ու երբեք չի չորանա, այլ էլ ավելի կծաղկի։

Մտքերը` Վահե Մակվեցյանի:

Երբ ես երջանիկ եմ

Երբ ես շատ երջանիկ եմ, ես ինձ նմանեցնում եմ արևին, քանի որ երբ արևը շողում է, այն ուրախացնում է շատ մարդկանց: Օրինակ երեխաներին և չափահաս մարդկանց, նաև` ծերունիներին, բայց ամենաշատը այն երջանկացնում է բակում ֆուտբոլ խաղացող տղաներին, քանի որ նրանք կարող են ֆուտբոլ խաղալ: Երբ ես երջանիկ եմ, ես երջանկացնում եմ մնացածներին։

Մտքերը` Ալեն Մանգասարյանի:

Կմնամ քեզ մոտ…

Ամեն անգամ քեզ տեսնելիս,

Ինչու է սիրտս ուժգին բաբախում:

Ապրում եմ, ծիծաղում, լալիս,

Բայց, միևնույն է, չեմ հասկանում,

Ինչո՞ւ, ինչո՞ւ և կրկին` ինչո՞ւ:

Բայց միայն ծովի ափին պառկելիս,

Լուսնի արտացոլանքը ջրում տեսնելիս,

Սիրտս խաղաղ է` ինչպես և ծովը,

Որ նույնիսկ փոխարինում է ինձ օդը:

Կանչում է այն, ինձ կանչու՜մ, գոռու՛մ,

Դեպի իր հեռավոր և անծայրածիր տարածքներ,

Բայց, միևնույնն է, իր մոտ չեմ գնում,

Երգում է տրտում` իր տխուր ձայնով,

Չեմ գնա… Չե՛մ գնա:

Չեմ ուզում քեզ միայնակ թողնել

Եվ ծովի ետևից վազել,

Կմնամ քեզ մոտ, որ սիրտս կողքիդ բաբախի,

Ինչպես ծովն է` փոթորկի ժամին:

Բանաստեղծության հեղինակ` Քեթրին Եփրեմյան:

Մարդիկ այդ ծովում պիտի գտնեն իրենց

Երբ ես ընկնում եմ մտքերի մեջ, հոգիս ալեկոծվում է ծովի պես:
Ծովի պես են լինում մարդիկ, երբ տխուր ու մռայլ է լինում իրենց կյանքը, երբ ունեն իրենց մեջ զգացմունքներ, որոնք չեն կարող արտահայտել նույնիկս ամենամտերիմներ մոտ, պահում են իրենք իրենց մեջ: Չեն կարող լինել ազատ իրենց շրջապատում, այդ պատճառով լինում են կաշկանդված, հաճախ տխուր, և տխրությունը փոձում են նույնպես ցույց չտալ: Մարդկանց հոգին լինում է մռայլ ու տխուր իրենց շրջապատի պատճառով, երբ շրջապատը անվստահելի է լինում, և դու պետք է զգացմունքներդ քո մեջ պահես և կիսվես ինքդ քեզ հետ` ինքդ քեզ խորհուրդ տալով: Զգացմունքները քո մեջ պահելուց լինում ես նյարդային, ինչը ևս խանգարում է կայուն շրջապատ ունենալուն: Մարդիկ պետք է գտնեն իրենք իրեն հենց այդ ծովում…

Շարադրում է Շուշան Կարապետյանը:

Սիրում եմ նստել ծովի մոտ ու հետևել…

Ես ամեն տարի ծով եմ գնում ծնողներիս հետ, և չնայած երկրագնդի վրա եղող ծովերից միայն Սև,Կարմիր ու Միջերկրական ծովերում եմ եղել, ինձ թվում է, որ ես արդեն ճանաչում եմ ծովն իր բոլոր տրամադրությունների մեջ։ Պատահել է, որ ծովն այնքան փոթորկված է եղել ու տրտմերես, որ տեղի անվտանգության աշխատակիցներն արգելել են մեզ ջուրը մտնել ու լողալ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես սիրում եմ նստել ծովի մոտ ու հետևել նրա ահռելի ալիքնեին։ Սիրում եմ նայել, թե ծովն ինչպես է ինքն իրեն մաքրում տխրությունից և ամեն տեսակ աղբից։ Մի անգամ Սև ծովում ես անգամ վախեցա, որովհետև ալիքներն իրենց հետ ափ էին նետում ծառի մեծ-մեծ կոճղեր, խխունջներ ու անհասկանալի բույսեր։ Աննկարագրելի սիրուն է հանդարտ, մաքուր ու երկնքի պես կապույտ ծովը, որը թվում է, թե վերջ չունի։ Հատկապես երբ ամենատարբեր գույներով մայրամուտ է լինում, ու մեղմ քամի է փչում, ծովի ափին լինելն ու այդ ամենը վայելելը անպատկերացնելի հաճույք է։ Բայց ես, այնուամենայնիվ, սիրում եմ մի քիչ ալիքոտ ծովը։ Դա իմ ամենասիրած վիճակն է, երբ դու ջրում ես, ու ալիքները քեզ կամաց խփելով՝ ասես օրորում են ջրում։ Այդ պահերին ես սկսում եմ բարձրաձայն խոսել ծովի հետ, ու ինձ թվում է, որ նա ինձ արձագանքում է։ Հիմա եթե այս ամենը համեմատենք մարդու հոգում կատարվողի հետ, իհարկե, շատ նմանություններ կգտնենք։ Օրինակ` Արցախյան պատերազմի օրերին իմ հոգին փոթորկված էր ճիշտ այն ծովի պես, որի ալիքները կատաղած ափերին են զարկում։ Բայց եթե ծովի ալիքները հանդարտվում են, այս հարցում իմ հոգու փոթորիկը դեռ չի դադարել ու չի էլ դադարի, քանի դեռ Արցախը նորից մերը չի դարձել։

Նյութը Անահիտ Թովմասյանի բլոգից:

Կլինեմ ծովի պես

Կլինեմ ծովի պես այն ժամանակ, երբ ես լինեմ ազատ: Ծով բառը լսելիս ես պատկերացնում եմ ազատություն: Ծովը նման է մարդու տրամադրությանը. մեկ հանգիստ է, մեկ շփոթված: Ես իմ տրամադրությունը նմանեցնում եմ ծովին: Սկզբում նայում ես ծովում այդքան էլ հետաքրքիր բաներ չկան, բայց երբ խորանում ես, ամենախորքում այնքան հետաքրքիր ու սիրուն կենդանիներ կան, որ չես հավատում, որ այդպիսի բան կարող է լինել: Առաջին հայացքից այդ գեղեցկությունը չես տեսնում, մարդն էլ է այդպես. արտաքինից այդքան գեղեցիկ չէ, ինչպես ներսից: Ես բնությունը և ծովը նմանեցնում եմ մարդու:

Ստեղծագործությունը Գայանե Բադեյանի բլոգից:

Ինչ է աշխարհը

Մենք ապրում ենք մի տեղ, որի անունը աշխարհ է, բայց երբևիցե մտածե՞լ եք, որ աշխարհից կարող է հազար հատ լինել: Ինչո՞ւ ենք մենք հայտնվել, որտեղի՞ց, ի՞նչ է լինելու մահից հետո..․ դեռ ոչ ոք չգիտի: Բնության հրաշքների մասին քչերը գիտեն, դա մենակ ծառ, խոտ և ծաղիկ չէ․ բնության երևույթները կարող են այնպես հետաքրքիր լինել, որ դու էլ չես հավատա, սա երազ է, թե իրականություն: Իսկ ի՞նչ է երազը, ինչո՞ւ ենք մենք տեսնում երազ, մեկ-մեկ հիշում և շատ դեպքերում՝ մոռանում: Կյանքը շատ կարճ է տևում, ամեն տարիք ունի իր հրաշալի կողմերը, բայց դու պետք է ապրես այնպես, ինչպես դու ես ուզում։ Եթե քո տեղը քո ապագա քայլերը պետք է որոշեն ուրիրշները, ծնվելու իմաստն էլ ո՞րն է: Բայց մի բան լավ պետք է հիշել․ մինչդեռ դու վայելում ես կյանքը, նայի՛ր ժամանակին, նա ջրի պես հոսում է, ծախսի՛ր ժամանակդ խելքով և մի՛ հոգնիր ճիշտ ապրելուց:

Ստեղծագործության հեղինակ՝ Գրիգոր Պապիկյան։