Ես ամեն տարի ծով եմ գնում ծնողներիս հետ, և չնայած երկրագնդի վրա եղող ծովերից միայն Սև,Կարմիր ու Միջերկրական ծովերում եմ եղել, ինձ թվում է, որ ես արդեն ճանաչում եմ ծովն իր բոլոր տրամադրությունների մեջ։ Պատահել է, որ ծովն այնքան փոթորկված է եղել ու տրտմերես, որ տեղի անվտանգության աշխատակիցներն արգելել են մեզ ջուրը մտնել ու լողալ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես սիրում եմ նստել ծովի մոտ ու հետևել նրա ահռելի ալիքնեին։ Սիրում եմ նայել, թե ծովն ինչպես է ինքն իրեն մաքրում տխրությունից և ամեն տեսակ աղբից։ Մի անգամ Սև ծովում ես անգամ վախեցա, որովհետև ալիքներն իրենց հետ ափ էին նետում ծառի մեծ-մեծ կոճղեր, խխունջներ ու անհասկանալի բույսեր։ Աննկարագրելի սիրուն է հանդարտ, մաքուր ու երկնքի պես կապույտ ծովը, որը թվում է, թե վերջ չունի։ Հատկապես երբ ամենատարբեր գույներով մայրամուտ է լինում, ու մեղմ քամի է փչում, ծովի ափին լինելն ու այդ ամենը վայելելը անպատկերացնելի հաճույք է։ Բայց ես, այնուամենայնիվ, սիրում եմ մի քիչ ալիքոտ ծովը։ Դա իմ ամենասիրած վիճակն է, երբ դու ջրում ես, ու ալիքները քեզ կամաց խփելով՝ ասես օրորում են ջրում։ Այդ պահերին ես սկսում եմ բարձրաձայն խոսել ծովի հետ, ու ինձ թվում է, որ նա ինձ արձագանքում է։ Հիմա եթե այս ամենը համեմատենք մարդու հոգում կատարվողի հետ, իհարկե, շատ նմանություններ կգտնենք։ Օրինակ` Արցախյան պատերազմի օրերին իմ հոգին փոթորկված էր ճիշտ այն ծովի պես, որի ալիքները կատաղած ափերին են զարկում։ Բայց եթե ծովի ալիքները հանդարտվում են, այս հարցում իմ հոգու փոթորիկը դեռ չի դադարել ու չի էլ դադարի, քանի դեռ Արցախը նորից մերը չի դարձել։

Նյութը Անահիտ Թովմասյանի բլոգից:

Leave a comment