Կմնամ քեզ մոտ…

Ամեն անգամ քեզ տեսնելիս,

Ինչու է սիրտս ուժգին բաբախում:

Ապրում եմ, ծիծաղում, լալիս,

Բայց, միևնույն է, չեմ հասկանում,

Ինչո՞ւ, ինչո՞ւ և կրկին` ինչո՞ւ:

Բայց միայն ծովի ափին պառկելիս,

Լուսնի արտացոլանքը ջրում տեսնելիս,

Սիրտս խաղաղ է` ինչպես և ծովը,

Որ նույնիսկ փոխարինում է ինձ օդը:

Կանչում է այն, ինձ կանչու՜մ, գոռու՛մ,

Դեպի իր հեռավոր և անծայրածիր տարածքներ,

Բայց, միևնույնն է, իր մոտ չեմ գնում,

Երգում է տրտում` իր տխուր ձայնով,

Չեմ գնա… Չե՛մ գնա:

Չեմ ուզում քեզ միայնակ թողնել

Եվ ծովի ետևից վազել,

Կմնամ քեզ մոտ, որ սիրտս կողքիդ բաբախի,

Ինչպես ծովն է` փոթորկի ժամին:

Բանաստեղծության հեղինակ` Քեթրին Եփրեմյան:

Մարդիկ այդ ծովում պիտի գտնեն իրենց

Երբ ես ընկնում եմ մտքերի մեջ, հոգիս ալեկոծվում է ծովի պես:
Ծովի պես են լինում մարդիկ, երբ տխուր ու մռայլ է լինում իրենց կյանքը, երբ ունեն իրենց մեջ զգացմունքներ, որոնք չեն կարող արտահայտել նույնիկս ամենամտերիմներ մոտ, պահում են իրենք իրենց մեջ: Չեն կարող լինել ազատ իրենց շրջապատում, այդ պատճառով լինում են կաշկանդված, հաճախ տխուր, և տխրությունը փոձում են նույնպես ցույց չտալ: Մարդկանց հոգին լինում է մռայլ ու տխուր իրենց շրջապատի պատճառով, երբ շրջապատը անվստահելի է լինում, և դու պետք է զգացմունքներդ քո մեջ պահես և կիսվես ինքդ քեզ հետ` ինքդ քեզ խորհուրդ տալով: Զգացմունքները քո մեջ պահելուց լինում ես նյարդային, ինչը ևս խանգարում է կայուն շրջապատ ունենալուն: Մարդիկ պետք է գտնեն իրենք իրեն հենց այդ ծովում…

Շարադրում է Շուշան Կարապետյանը:

Սիրում եմ նստել ծովի մոտ ու հետևել…

Ես ամեն տարի ծով եմ գնում ծնողներիս հետ, և չնայած երկրագնդի վրա եղող ծովերից միայն Սև,Կարմիր ու Միջերկրական ծովերում եմ եղել, ինձ թվում է, որ ես արդեն ճանաչում եմ ծովն իր բոլոր տրամադրությունների մեջ։ Պատահել է, որ ծովն այնքան փոթորկված է եղել ու տրտմերես, որ տեղի անվտանգության աշխատակիցներն արգելել են մեզ ջուրը մտնել ու լողալ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես սիրում եմ նստել ծովի մոտ ու հետևել նրա ահռելի ալիքնեին։ Սիրում եմ նայել, թե ծովն ինչպես է ինքն իրեն մաքրում տխրությունից և ամեն տեսակ աղբից։ Մի անգամ Սև ծովում ես անգամ վախեցա, որովհետև ալիքներն իրենց հետ ափ էին նետում ծառի մեծ-մեծ կոճղեր, խխունջներ ու անհասկանալի բույսեր։ Աննկարագրելի սիրուն է հանդարտ, մաքուր ու երկնքի պես կապույտ ծովը, որը թվում է, թե վերջ չունի։ Հատկապես երբ ամենատարբեր գույներով մայրամուտ է լինում, ու մեղմ քամի է փչում, ծովի ափին լինելն ու այդ ամենը վայելելը անպատկերացնելի հաճույք է։ Բայց ես, այնուամենայնիվ, սիրում եմ մի քիչ ալիքոտ ծովը։ Դա իմ ամենասիրած վիճակն է, երբ դու ջրում ես, ու ալիքները քեզ կամաց խփելով՝ ասես օրորում են ջրում։ Այդ պահերին ես սկսում եմ բարձրաձայն խոսել ծովի հետ, ու ինձ թվում է, որ նա ինձ արձագանքում է։ Հիմա եթե այս ամենը համեմատենք մարդու հոգում կատարվողի հետ, իհարկե, շատ նմանություններ կգտնենք։ Օրինակ` Արցախյան պատերազմի օրերին իմ հոգին փոթորկված էր ճիշտ այն ծովի պես, որի ալիքները կատաղած ափերին են զարկում։ Բայց եթե ծովի ալիքները հանդարտվում են, այս հարցում իմ հոգու փոթորիկը դեռ չի դադարել ու չի էլ դադարի, քանի դեռ Արցախը նորից մերը չի դարձել։

Նյութը Անահիտ Թովմասյանի բլոգից:

Կլինեմ ծովի պես

Կլինեմ ծովի պես այն ժամանակ, երբ ես լինեմ ազատ: Ծով բառը լսելիս ես պատկերացնում եմ ազատություն: Ծովը նման է մարդու տրամադրությանը. մեկ հանգիստ է, մեկ շփոթված: Ես իմ տրամադրությունը նմանեցնում եմ ծովին: Սկզբում նայում ես ծովում այդքան էլ հետաքրքիր բաներ չկան, բայց երբ խորանում ես, ամենախորքում այնքան հետաքրքիր ու սիրուն կենդանիներ կան, որ չես հավատում, որ այդպիսի բան կարող է լինել: Առաջին հայացքից այդ գեղեցկությունը չես տեսնում, մարդն էլ է այդպես. արտաքինից այդքան գեղեցիկ չէ, ինչպես ներսից: Ես բնությունը և ծովը նմանեցնում եմ մարդու:

Ստեղծագործությունը Գայանե Բադեյանի բլոգից: