Ինչպես ես կսարքեի իմ երկիրը

Եթե ես սարքեի իմ երկիրը, անունը կլիներ <<Բարի աչք>> կամ <<Բարեհոգի>>։Ես հիմա կբացատրեմ, թե ինչու եմ անունը կազմում բարի բառով, որովհետև իմ երկրում ես ընդունելու եմ միայն բարի մարդկանց։ Այնտեղ միշտ լինելու է մաքուր, գեղեցիկ, մաքուր բնություն, բարի մարդիկ։ Իմ աշխարհում իրավունք չունեն նեղացնել մարդկանց կամ կենդանիներին։ Կենդանիները լինելու են խնամված և ունենալու են ամեն մեկը իր տերը. այնտեղ չի լինելու թափառական շուն կամ կատու։ Դպրոցը սովորական չի լինելու: Օրինակ՝ լինելու են գույնզգույն, որպեսզի երեխաները ունենան տրամադրություն ու տեսնեն իրենց աշխարհը գույնզգույն։ Նաև եթե լավ գնահատական ստանան, կոնֆետ են ստանալու, որպեսզի երեխաները տրամադրություն ունենան լավ սովորելու։ Մի խոսքով, իմ երկիրը լինելու է ամենաբարին, ընկերասերը, գույնզգույնը և լուսավորը։ Հուսով եմ` հասկացաք, թե ինչու եմ ուզում անունը դնել <<Բարի աչք>> կամ <<Բարեհոգի>>։ 

Աղբյուրը` Սյուզաննա Գալստյանի բլոգ:

Ամանորի Առեղծվածը

Ամանորը երեխաների ամենասպասված օրն է։ Երազանքներ ունեն բոլորը` թե մեծերը և թե փոքրերը, իսկ Ամանորը ամենալավ տոնն է երազանքների իրականացման համար։ Երեխաների սպասումները, հավատն ու երազանքներն ուրիշ են։ Նրանց հավատը շատ մեծ է, որ Ամանորի գիշերը անպայման կատարվելու է նրանց երազանքը։ Նրանք կարող են չքնել, միայն թե տեսնեն այն Ձմեռ Պապիկին, ով իրենց ամեն տարի ծխնելույզով նվերներ է բերում։ Ամեն մեկն ունի իր երազանքները, բայց երեխաների երազանքներն այնքան շատ են, որ նույնիսկ հաշվելն է անհնար։
Հիշում եմ` երբ փոքր էինք, Ամանորի տոնական օրերն էին։ Առավոտյան արթնացանք ու տեսանք, որ ձյուն է գալիս։ Մեծ ու սպիտակ փաթիլները ծածկում էին քաղաքը։ Իմ և քույրիկիս ուրախությանը չափ չկար։ Մայրիկս արագ հագցրեց մեզ, ու իջանք բակ՝ խաղալու։ Այնքան ուրախ էինք խաղում, ձների մեջ գլորվում էինք ու ձնագնդի խաղում։ Մայրիկս նկարում էր մեզ, ուրախանում ու խաղում մեզ հետ։ Ես այնքան կարոտով եմ հիշում այդ օրը։ Ամանորը հրաշքներով լի տոն է, երբ բոլոր երեխաները ժպտում են ու նվերներ ստանում։ Ես հավատում եմ, որ Նոր տարվա երազանքները կատարվում են: Այս տարի ինձ համար լավագույն նվերը կլինի, որ ես ևս մեկ քույրիկ կամ եղբայր ունենամ։

Բարի գործ` Ամանորին

Այսօր ես որոշեցի մի փոքր ամանորյա նվեր պատրաստել որևէ անծանոթ տատիկի համար, ում կհանդիպեի դրսում։ Այսպիսով` ես դուրս եկա, մի քիչ զբոսնեցի, մինչև գտա մի տատիկի։ Այդ տատիկը մուրում էր, մտածեցի` ինչ լավ է, որ ես հանդիպեցի հենց նրան։ Մի փոքր ամաչելով մոտեցա, շնորհավորեցի գալիք Նոր տարին և տվեցի նվերը։ Տատիկը շատ զարմացավ ու ուրախացավ, շնորհակալություն հայտնեց և ինձ նույնպես շնորհավորեց Ամանորի կապակցությամբ։ Դրանից հետո ես որոշեցի ավելի շուտ-շուտ բարի գործեր անել։

Աղբյուրը` Յանա Կիրակոսյանի բլոգ:

Շատերի համար…

Շատերի համար Ամանորի առիթը և իմաստն այն է ,որ գնան մեկը մյուսի տուն հաց ուտելու կամ նվերներ ստանալու համար, բայց` ոչ, իրական իմաստը և առիթն այն է ,որ մեկը մյուսին իր երջանկությունը փոխանցի: Հայաստանում այս տարի շատերը չեն ուզում նշել, բայց չեն հրաժարվում հաց ուտելուց և նվերներ ստանալուց, ուղղակի նրանց համար լավ առիթ է` եղևնի չզարդարելու և այլ բաներ անելու: Շատ քչերը չեն ուզում այդ նվերները և խմիչքները. նրանց մենակ պետք է հարազատներին տեսնել և Նոր տարի շնորհավորել: Նոր տարվա իմաստը մեկը մյուսին երջանկություն և իրենց սերը նրանց հանդեպ փոխանցելն է 🎄🎁:

Աղբյուրը` Գայանե Բադեյանի բլոգ:

Ձմեռ

Ձմեռը իմ ամենասիրած եղանակն է, երբ ձյուն է գալիս: Վատ կողմը այն է, երբ հիվանդանում ես:  Երևանում շատ քիչ է ձյուն գալիս, բայց ես հուսով եմ, որ ձյուն կգա գոնե մեկ օր: Շատ եմ սիրում, երբ ձնագնդիկ ենք խաղում: Սիրում եմ, որ Նոր Տարում իմ բարեկամները և ընկերները գալիս են և լավ ժամանակ ենք անցկացնում: Անցած տարի դեկտեմբերի երեսունմեկին ձյուն էր եկել, և մենք շատ էինք ուրախացել: Գնացինք ձնագնդիկ խաղալու և շատ մրսելուց եկանք տուն: Հուսով եմ` Նոր Տարուն նորից ձյուն կգա:

Աղբյուրը` Դավիթ Բաբաջանյանի բլոգ: