Բարև, գարուն, սիրում եմ քեզ ու սպասում անհամբեր։ Գիտեմ՝ քիչ մնաց, շուտով կգաս ու կբերես քեզ հետ թարմ խոտի հոտը։ Արևի շողի հետ ծիտիկներն ավելի քաղցր կդայլայլեն։ Կբացվեն ծառերի բողբոջները` բերելով իրենց հետ պտղատու ծառերի գեղեցիկ ծաղիկների բույրը։ Գարունը նոր կյանք է, ամեն ինչի զարթոնքը։ Բնությունն արթնանում է գարնան շնչով։ Այ, թե ինչու եմ սիրում գարունը։ Իսկ իմ սիրելի գարնանը կհաջորդի տաք ամառը։ Դե, շուտ արի սիրուն գարուն ու քեզ հետ բեր օրեր սիրուն։
Արփի Սուրենյանցի բանաստեղծությունները
Գիշերային մեղեդի
Ծղրիդներն են անվերջ երգում
Գիշերվա մթում,
Բուն նայում է աստղերին,
Լսում լռությունը։
Անվերջ լալիս են
Ամպերը մռայլ,
Ինչպես մանկիկը
Օտարի գրկում։
Գարնան կանչ
Հե՜յ, սիրուն գարուն,
Առու կարկաչուն,
Արի՛, արև բեր,
Լույս ու ջերմություն։
Զվարթություն բեր,
Ծիլ ու ծաղկին կյանք,
Առվին խնդություն,
Բույսերին հրճվանք։
Կենդանիներին
Դու ուրախացրու
Ու հոգիները
Մարդկանց ջերմացրու։
Հե՜յ, սիրուն գարուն,
Առու կարկաչուն,
Արի՛, արև բեր,
Լույս ու ջերմություն։
Բոլոր ձայները միանալով իրար…
Ամռանը գնացել էինք հանգստանալու: Մեր վրանը գտնվում էր ափին մոտ: Առավոտյան մեզ արթնացնում էին ճայերը` իրենց ծիծաղելի ձայնով: Լճի ձայնը շատ հաճելի էր, կարծես երգեր: Հետո սկսեց փոքր-ինչ քամի, և ծառերը ու թփերը սկսեցին խշխշալ, այդ ձայնը նույնպես հաճելի էր: Բոլոր ձայները միանալով իրար` ստեղծում էին մի մեծ համերգ: ԵՎ ավելացնեմ, որ բնության համերգը հանգստացնում է մարդուն այնպես, ինչպես դասական երաժշտությունը: