Բանաստեղծական․․․

Հոգիս ծովի պես՝

Մեղմ ու անդարդ,

Մեկ ծփում է, մեկ ապրում հանդարտ։

Երբ հանկարծ ծովում փոթորիկ սկսվի,

Կդառնամ ես զորավոր ու անպարտելի,

Վրդովված ծովը կառնեմ թևիս տակ,

Կթռչեմ դեպի երկինք կապուտակ։

Երբ ծովը նորից կմեղմանա,

Հոգիս էլ կդառնա հանդարտ,

Մեգն ու մշուշը անվերջ կկորչի,

Հոգիս էլ ծովի պես կրկին կխաղաղվի։

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երբ մարդ իրեն շրջապատող աշխարհը սրտանց է ընկալում

Երբ մարդը վստահի աշխարհին, վստահի ինքն իր կարողություններին, ապա նա ուրախ կլինի։ Երբ մարդը ուրախ է և երջանիկ, նա ամեն ինչ ավելի հեշտ, արագ և հանգիստ է անում։ Ես դա զգացել եմ ինքս ինձ վրա․ երբ ես ինչ-որ բանի պատճառով նեղված եմ լինում կամ զայրացած, ինչ էլ անեմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում և ես շատ շուտ եմ հոգնում ամեն ինչից։ Իսկ երբ ես հանգիստ եմ և ուրախ, ինձ մոտ ամեն ինչ ստացվում է, և ես հաճույք եմ ստանում նույնիսկ այն բաներից, որոնք ինձ դուր չեն գալիս, օրինակ՝ դաս սովորել կամ ինչ-որ գործ անել։ Ես համաձայն եմ, երբ մարդ իրեն շրջապատող աշխարհը սրտանց է ընկալում, նա ավելի քիչ խնդիրներ է ունենում։ Օրինակ՝ երբ ես զայրացած եմ, ես բոլորի հետ կոպիտ եմ խոսում, այդ պատճառով իմ հետ էլ են սկսում կոպիտ խոսել, վատ վարվել, և վերջում մենք վիճում ենք իրար հետ և այլևս չենք շփվում։ Այդպես ես շատ ընկերներ եմ կորցրել։

Աղբյուրը՝ Հայկ Թումասյանի բլոգ։

Անագե տոկուն զինվորիկը․ Անդերսեն

Ինձ թվում է, որ հեքիաթի հիմնական ուղերձը մարդու կախվածությունն է տարբեր հանգամանքներից: Անագի բավարար չլինելը, պատահաբար լուսամուտից ցած ընկնելը, նավակում հայտնվելը, ձկան փորից մինչև խոհանոց հասնելը, պատուհանից վառարան ընկնելը. սրանք բոլորը, իմ կարծիքով, նկարագրում են այնպիսի պարագաներ, որոնք պատահում են անկախ մարդկանց կամքից: Բայց կա մի բան, որը կախված չէ ո՛չ ճակատագրից, ո՛չ հանգամանքներից, ո՛չ էլ մարդկանցից, և դա սեփական ընտրությունն է:

Իմ տպավորությամբ՝ զինվորի սեփական ընտրությունը հավատարմությունն էր: Հավատարմությունն իր ուսադիրներին, որովհետև նա քաջ էր անգամ այն ժամանակ, երբ ուզում էր լացել անագե արցունքներով, և հավատարմությունն իր սիրուն, որովհետև անգամ հալվելուց հետո նրանից անագե սիրտ մնաց, իսկ նրա վերջին մտքերը պարուհու մասին էին:

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։

Իմ կարծիքը վիրտուալ կյանքի մասին

Շատ մարդկանց կարծիքով 21-րդ դարում հնարավոր չէ առանց հեռախոս, պլանշետ, նոթբուք։ Իհարկե, ես էլ եմ այդպես մտածում, քանի որ հեռախոսի օգնությամբ մենք կարող ենք ոչ միայն մտնել սոցցանցեր, այլ նաև լուծել շատ խնդիրներ և օգտագործել ուսուցման համար՝ մեր դպրոցի նման։ Բայց կան մարդիկ, որոնք ունեն կախվածություն և անգամ մեկ վայրկյան չեն կարողանում մնալ առանց որևէ գադջետի։ Իմ կարծիքով, սխալ է մնալ հեռախոսի մեջ 24 ժամ։ Երբ ես զգում եմ, որ շատ եմ օգտագործում հեռախոսս, փորձում եմ վերադառնալ ռեալ կյանք։ Օրինակ՝ ես գիտեմ, որ օրական ինստագրամ մտնում են 500 միլիոնից ավել մարդ, դե պատկերացրեք ամսական մարդիկ ինչքան են մտնում սոցցանցեր և մոռանում ռեալ կյանքի մասին, իսկ ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ չօգտագործել գադջետներ և չմոռանալ ռեալ կյանքը։

Հեղինակ՝ Վիկտորյա Հակոբյան։

Մի կորցրեք…

Երբեք բաց մի թողեք ձեր սիրելիներին և մի՛ կորցրեք այն մարդկանց, ովքեր ամեն ինչ կանեին ձեզ համար, որպեսզի գոնե մի ժպիտ տեսնեին ձեր դեմքի վրա: Հիմա աշխարհը այնքան է չարացել, որ շատ չենք կարողանում գտնել հավատարիմ և բարի մարդկանց: Եթե այդպիսի մարդկանց հանկարծ կյանքում գտնեք, մի՛ բաց թողեք: Աստված ձեզ ոսկե նվեր է տվել, այդ մարդուն ձեզ «տալով», փորձեք իրենց ձեռքը բռնել և շարժվել առաջ: Մի՛ վախեցեք, կյանքը լի է փորձություններով, բայց այդպիսի մարդիկ շատ թանկ են: Խնդրում եմ ձեզ, մի՛ կորցրեք ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեր կենդանիներին, ձեր ընտանիքին: Այնպես արեք, որ ինքներդ էլ գոհ մնաք ձեր կյանքից և հնարավորինս ժպիտ տարածեք ձեր շուրջը: Ես մտածում եմ, որ կորցնելն ամենահեշտ բանն է. մի սխալ բառ, մի սխալ պահվածք, ու շատ բան փչանում է: Իսկ գտնելը, մի լավ, նոր բան սարքելը միշտ դժվար է, բայց մենք բոլորս պիտի այդ ճանապարհով առաջ շարժվենք, որովհետև եթե բոլորը կորցնեն ու քանդեն, մեր մոլորակն ուղղակի չի դիմանա այդքան կորուստներին ու չարությանը, և մենք էլ նրա հետ կմեռնենք:

Ստեղծագործում է Անահիտ Թովմասյանը։

Թիթեռնիկը․ Անդերսեն

<<Թիթեռնիկը>> հեքիաթը մի թիթեռնիկի մասին է, ով ուզում էր իր համար ծաղիկ կին գտնել, ում հետ կկարողանա ամուսնանալ։ Նա ամեն օր գնում էր տարբեր տեղեր, որպեսզի փորձի գտնել իր հարսին, բայց երբեք չի գտնում, քանի որ նա միայն նայում էր տեսքերին և ոչ թե բնավորությանը։ Նա միայն փորձում էր գտնել իր համար այնպիսի մի ծաղիկ, ով իր հետ ընդմիշտ կլինի և միշտ գեղեցիկ կմնա։ Այս հեքիաթը իր ճանապարհորդության մասին է, թե ի՞նչեր է կատարվում իր կյանքում, երբ որ նա փորձում է մի ծաղիկ գտնել, որ իր հետ կամուսնանա։

Ճիշտն ասած, թիթեռնիկը ինձ շատ է հիշեցնում այս դարի տղաներին։ Բոլոր տղաները հիմա միայն նայում են տեսքերին և չեն նայում բնավորությանը, որը, իմ կարծիքով, շատ սխալ է։ Ճիշտ է, ոչ բոլոր տղաներն են այդպիսին, բայց հիմա մեծամասնությունը դա է։ Բացի դրանից, նա շատ անհամբեր էր, ինչ-որ տեղ անսիրտ և ինքնավստահ։

Վերլուծությունը՝ Անահիտ Թովմասյանի։