Երանի ես Կատու լինեի… հիմա կպատմեմ ինչու։ Կատուները ունեն 9 կյանք, էդպես ասում են բոլորը։ Ես գիտեմ, որ կատուների կյանքը այդքան հետաքրքիր չէ, բայց նրանք անում են ինչ ցանկանում են, նրանք միշտ կանգնում են, ընկնում են թաթերի վրա։ Եթե ինչ-որ բան խնդրես, նրանք իրենց լեզվով կասեն` у меня же лапки։ Նրանք կարող են քնել ամեն տեղ, քանի որ շատ պլաստիկ են, գեղեցիկ, իրենց տեսքով, աչքերով հմայում են բոլորին։ Ահա թե ինչու եմ ես ուզում լինել կատու:
Ա՜խ, երանի լիներ բարության անձրև
Ա՜խ, ես երանի բարության անձրև լինեի։ Լինեի անձրև և գայի մաքրեի այս աշխարհի կեղծությունը, մարդկանց չարությունը, նախանձը։ Ինձ թվում է` ոչ ոքի էլ դուր չի գալիս այդ ամենը։ Նաև կուզեի, որ մաքրեմ վատ բաները, մարդկանց մեղքերը և բերեմ բարություն, որ մարդիկ մեկը մյուսի հանդեպ լինեն բարի, որ իրար օգնեն։ Իսկ ինչու եմ ուզում լինել հենց բարության անձրև, որովհետև հիմա աշխարհում շատ քիչ է մնացել մարդկայնությունը։ Ա՜խ, երանի լիներ բարության անձրև։
Չնայած նրան, որ այդ ամենից տուժում է բնությունը
Ես շատ կուզենայի երկնքից տեսնել, թե ինչ է կատարվում մեր աշխարհի տարբեր մասերում: Ես մտածում եմ, որ երկինքը մարդկանց այդքան էլ չի սիրում, որովհետև մեր օրերում մենք շատ ենք աղտոտում մեր մոլորակը: Այդ պատճառով մարդիկ երկար չեն ապրում, նաև ձեռք են բերում շատ հիվանդություններ: Սակայն ես շատ ուրախ եմ, որ այն դարում որ ես եմ ապրում, երկրները ժամանակակից են, և գնալով ավելի ժամանակակից բաներ են հայտնագործում և ստեղծում: Չնայած նրան, որ այդ ամենից տուժում է բնությունը: Եթե մարդկանց հարցնեք, դուք ո՞ր պայմաններում կուզենայիք ապրել` առողջ բնություն առանց ժամանակակից իրերի և ոչ միայն իրերի, թե՞ ապրել ժամանակակից դարում, բայց ունենալ ոչ շատ առողջ բնություն, իմ կարծիքով շատերը կընտրեն երկրորդ տարբերակը, նույնիսկ ես դա կընտրեմ: Իսկ ես ինչ կպատմեի եթե երկինքը լինեի, ես էլ չգիտեմ. ես այն մարդը չեմ, ում այս պայմաններում ապրելը հաճելի չէ:
Միշտ երազել եմ արև լինել
Ես միշտ երազել եմ արև լինել: Ինչո՞ւ …ասեմ: Ես կուզեի լինել արև, որպեսզի մարդիկ առավոտյան արթնանան, նայեն արևին և ուրախանան: Մարդկանց օրը լցնեի ուրախ պահերով, երեխաները արև տեսնեին ու վազեին բակ ֆուտբոլ խաղալու: Նաև ես կուզեի լինել արև ու ապրեի մարդկանց սրտերում, որպեսզի նրանց սրտերում խավար չլիներ, ու սատանան չկարողանար այնտեղ մտնել: Նաև ես կուզեի արև լինել, որ կարողանայի օգնել մեր քաջ հերոս զինվորներին: Արև, մենք սպասում ենք քեզ…Ես կլինեմ լավ մարդ` արևի նման ջերմացնող ու տրամադրություն բարձրացնող, ես կլինեմ լավ մարդ` արևի նման շատ կարևոր մեր երկրագնդի համար:
Մտորումները` Ալեն Մանգասարյանի:
Գուցե…
Ախ, ես երանի լինեի թռչուն, որ բոլորին նայեի երկնքից և թռչեի ուր որ ուզեի: Կամ գուցե ջուր լինեի, որ բոլորի ծարավը հագեցնեի: Կամ էլ լինեի քար, որից կպատրաստեն շինություններ։ Իսկ միգուցե արև լինեի, բոլորին ջերմացնեի:Կամ գուցե ջրվեժ լինեի, և բոլորը զմայլվեին ինձնով։ Ոչ, ավելի լավ է` ես լինեմ այնպիսին, ինչպիսին կամ: Եվ դա ես եմ Գրիգորը:
Մտորումները` Գրիգոր Հարությունյանի:
Երանի ես թռչող ծիտ լինեի🐦
Երանի ես թռչող ծիտ լինեի, թափառեի երկնքով, թռչեի ազատ, անկախ :
Լինեի մի փոքրիկ թռչուն, որին չեն նկատի:
Վայելեի իմ կյանքը, ուր ուզեի, այնտեղ էլ թռչեի:
Կյանքս կլիներ ազատ, անկախ: Կուզեի կթռչեի աշխարհի մյուս ծայրը, ինչքան իմ թևերը կդիմանային, այդքան էլ կգնայի:
Երբ կուզեի հաց կուտեի, երբ կուզեի` ջուր կխմեի:
Մի խոսքով, ազատ անկախ կյանք կունենայի:
Ծտերը մեկը մյուսի հանդեպ ավելի լավ են վերաբերվում, քան մարդիկ :
Դրա համար ես կուզեի մեկ օրով լինել թռչուն:
Սպասում ենք քեզ
Արի, գարուն, սպասում ենք քեզ ու կսպասենք քեզ հավերժ: Կարոտում ենք քո բույրը և քո գեղեցկությունը: Հիշում եմ քո գեղեցիկ ծաղիկները` նոր ծաղկած, վառ արևը, ծիտիկների ծլվլոցը և թարմ խոտը: Գիտեմ, գիտեմ, շուտով կգաս, անհամբեր քեզ սպասում եմ, քեզ կարոտ եմ մնացել: Կսպասեմ, որ գաս ու ծառերը գեղեցկացնես կանաչ գույնով և ծաղիկներով: Չնայած գիտեմ, որ դու միշտ կաս իմ սրտում, հոգում, իմ անցյալում և ապագայում:
Ինձ կսկսեի պահել այնպես, կարծես գարուն է
Ես գարնանը ձայն կտայի այսպես. կվերցնեի մի քանի միրգ և կգնայի ընկերներիս հետ «Թումանյանի» այգի։ Ինձ կսկսեի պահել այնպես, կարծես գարուն է: Կհագնեի գարնանային շորեր, կնստեինք խոտերի մեջ և կսկսեինք իրար հետ շփվել։ Տաք եղանակներին մենք շատ ենք գնում այգի։ Այդ դեպքում գարունը կտեսներ, որ ուշանում է, և կգար։ Ես այդպես սովորաբար չեմ անում, բայց եթե գարունը ուշանա, կանեմ։ Իմ ընկերներին դա դուր կգար, որովհետև նրանք սիրում են գարունը և տաք եղանակներ։
Արի՛, գարուն…
Գարուն, գարուն, իմ գարուն,
Արի՛, արի՛, իմ գարուն,
Ես քեզ կտամ տաքություն,
Քաղցրահամ իմ գարուն,
Արի՛, իմ սիրուն, իմ նախշուն,
Արի՛, գարուն, մի՛ ամաչիր,
Նուրբ գարուն:
Բարև, գարուն
Բարև, գարուն, սիրում եմ քեզ ու սպասում անհամբեր։ Գիտեմ՝ քիչ մնաց, շուտով կգաս ու կբերես քեզ հետ թարմ խոտի հոտը։ Արևի շողի հետ ծիտիկներն ավելի քաղցր կդայլայլեն։ Կբացվեն ծառերի բողբոջները` բերելով իրենց հետ պտղատու ծառերի գեղեցիկ ծաղիկների բույրը։ Գարունը նոր կյանք է, ամեն ինչի զարթոնքը։ Բնությունն արթնանում է գարնան շնչով։ Այ, թե ինչու եմ սիրում գարունը։ Իսկ իմ սիրելի գարնանը կհաջորդի տաք ամառը։ Դե, շուտ արի սիրուն գարուն ու քեզ հետ բեր օրեր սիրուն։